Նա հավատում էր աղքատներին սիրող Հիսուսին. Այսօր Վան Գոգի ծննդյան օրն է

Նա հավատում էր աղքատներին սիրող Հիսուսին. Այսօր Վան Գոգի ծննդյան օրն էԱյսօր` 1853 թ. մարտի 30-ին, հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ-պոստիմպրեսիոնիստ Վինսենթ Վան Գոգի ծննդյան օրն է:

Շատերս գիտենք նրա անցած դժվարին ու քարքարոտ ճանապարհը, լսել ու կարդացել ենք նրա տառապագին որոնումների մասին արվեստի լայնածավալ, բայց միևնույն ժամանակ ճշգրիտ քայլեր պահանջող աշխարհում:

Սակայն այսօր մի փոքր խոսենք համաշխարհային գեղանկարչության մեջ այդ ինքնատիպ ու դրամատիկ կերպարի հոգևոր հայացքներից:

Վան Գոգը եղել է բողոքական քահանայի որդի: Հետագայում, ուսումնասիրելով Աստվածաշունչը, նա ցանկացել է ծառայել Աստծուն և 1878-79թթ-ին եղել է քարոզիչ Բորինաժում (Բելգիայում):

Նա եղբորը՝ Թեոյին գրած իր նամակներում պարբերաբար պատմել է, թե ինչպես են հավաքվել քրիստոնյաներից մեկի տանը, Սուրբ Գիրք կարդացել, աղոթել, և թե ինչքան լավ ու իմաստավորված է նա զգացել իրեն այդ ծառայությունների ժամանակ:

Անգամ Գոգենն է Վան Գոգի մասին իր հուշերում գրել վերջինիս նվիրվածության ու մեծ հավատքի մասին.

Նա հավատում էր աղքատներին սիրող Հիսուսին. Այսօր Վան Գոգի ծննդյան օրն է«Հակառակ իր ուսուցիչների` իմաստուն հոլանդացիների, Վինսենթը հավատացել էր աղքատներին սիրող Հիսուսին և հոգին առլեցուն ողորմածությամբ, սփոփիչ խոսքով, զոհողությամբ թույլերի նկատմամբ՝ ուզում էր պայքարել մեծատունների դեմ: Որոշակիորեն Վինսենթն արդեն խելագար էր:

Նրա կողմից աստվածաշնչյան գաղափարների տարածումը հանքերում, կարծում եմ, օգտակար եղավ գետնի տակ տքնող հանքափորների և տհաճ` վերևում, գետնի վրա գտնվող իշխանավորների համար: Նա անմիջապես հետ կանչվեց, վտարվեց, իսկ ընտանեկան խորհուրդը արձանագրեց խելագարություն, արգելափակում հոգեբուժարանում: Այնուամենայնիվ, նա չբանտվեց եղբոր` Թեոյի շնորհիվ:

Նա հավատում էր աղքատներին սիրող Հիսուսին. Այսօր Վան Գոգի ծննդյան օրն էՄռայլ, սև հանքը մի օր ողողվեց քրոմի դեղինով, հանքերում անպակաս մեթանի կրակի ահեղ շողեր, դինամիտի պայթյուն: Գետնին տապալված մարդկային էակները, որոնք սողում, կեղտոտ վխտում էին ածխի մեջ, հենց նույն օրը հրաժեշտ տվեցին կյանքին, մարդկանց՝ առանց հայհոյելու Աստծուն:

Նրանցից մեկին` սոսկալի այլանդակված, այրված դեմքով մի մարդու, Վինսենթը տարել էր տուն: «Եվ համենայն դեպս, – ասել էր ընկերության բժիշկը, – սա վերջացած մարդ է, առնվազն հրաշքը կամ մայրական անձնազոհ խնամքը կարող են փրկել: Ո՛չ, խենթություն է նրանով զբաղվելը»:

Վինսենթը հավատում էր հրաշքներին, մայրությանը: Խենթը քառասուն օր էր անցկացրել մեռնողի մահճի մոտ, խստորեն հետևել, որ օդ չմտնի նրա վերքերի մեջ, վճարել դեղորայքի համար… Եվ նրա այդ խելահեղ արարքը վերակենդանացրել էր մեռածին՝ մի քրիստոնյայի:

Երբ վիրավորն ի վերջո ապաքինվել և նորից իջել էր հանքախորշ` վերսկսելու աշխատանքը, կարելի էր տեսնել, ասում էր Վինսենթը, մարտիրոսացած Հիսուսի գլուխը լուսապսակով, փշե պսակի զիգզագաձև հետքերը, հանքափորի ճակատի դեղին մասի վրայի կարմիր սպիները…  Հաստատապես այդ մարդը խենթ էր»:

Նա հավատում էր աղքատներին սիրող Հիսուսին. Այսօր Վան Գոգի ծննդյան օրն էԱհա այսպիսին է եղել Վան Գոգը՝ շատերի կողմից հանճարեղ գեղանկարիչ, ոմանց համար ընդամենը մի խելագար արվեստագետ, իսկ կգտնվեն նաև մարդիկ, ովքեր կտեսնեն ու կգնահատեն այդ հիրավի ոչ սովորական մարդու մեջ աստվածային ձեռագրի խոսուն հետքը: Նա մարդ էր՝ մինչ արվեստագետ լինելը, մարդ, ով սիրում էր Աստծուն և Աստծո սիրով սիրում էր մարդկանց:

«Ես խնդրում եմ Աստծուն, որ ինչ դժբախտություն էլ ինձ հետ պատահի, ինչ հոգեվիճակում էլ լինեմ, հավիտենություն մեկնելուց առաջ Նա ինձ ապաշխարելու հնարավորություն տա»,- կրկնել է Վինսենթը իր մտերիմների մոտ:

Նրա կյանքը՝ բարի ու լուսավոր, անձնազոհ ու նվիրական, ապաշխարության յուրովի կոչ է շատերի համար, ովքեր գեթ մեկ անգամ հաղորդակից են եղել նրա մաքուր ու երազկոտ կտավներին, ովքեր կարդացել են գեթ մեկ անկեղծ նամակ՝ գրված նրա կողմից իր մտերիմներին:

«Երբեմն ձմռանն այնքան ցուրտ է լինում, որ գարուն կգա, թե՝ ոչ, արդեն չի հուզում… բայց, միևնույնն է, ուզենք, թե չուզենք, քամին մեկ օր ուրիշ կողմից է փչելու, և… ձնհալ է լինելու». Վինսենթ Վան Գոգ:

Պատրաստեց Գոհար Ավագյանը