«Ելիցը» իր մասշտաբով ու շքեղությամբ լինելու է աննախադեպ. խոստանում են մյուզիքլի ստեղծագործական խմբի ներկայացուցիչներն ու դերասանները

«Ելիցը» իր մասշտաբով ու շքեղությամբ լինելու է աննախադեպ. խոստանում են մյուզիքլի ստեղծագործական խմբի ներկայացուցիչներն ու դերասաններըՇուտով քրիստոնեական աշխարհի մեծագույն տոներից մեկն է՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:

Այդ առիթով, ինչպես արդեն հայտնել էինք, «Կյանքի Խոսք» եկեղեցին պատրաստվում է կովկասյան տարածաշրջանում իր շքեղությամբ ու մասշտաբով աննախադեպ մի բեմադրության՝ «Ելից» մյուզիքլին:

Մնացել է ընդամենը մի քանի օր՝ նշելու Հարության տոնն ու վայելելու «Ելիցը», ուստի ներկայացման ստեղծագործական անձնակազմն ասուլիսի միջոցով լրագրողներին ներկայացրեց ամբողջական մի պատկեր՝ ամիսներ տևող նախապատրաստական աշխատանքների և սպասելիքների մասին:

Բեմադրության հիմքում հրեա ժողովրդի և Մովսեսի աստվածաշնչյան պատմությունն է՝ ելիցը, որը, միևնույն ժամանակ, մեծ զուգահեռներ ունի այն ամենի հետ, ինչ արեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ համար: Այն կարող է ընկալելի լինել ցանկացած լսարանի համար՝ թե´ քրիստոնեական, թե´ ոչ քրիստոնեական:

«Ելիցը» իր մասշտաբով ու շքեղությամբ լինելու է աննախադեպ. խոստանում են մյուզիքլի ստեղծագործական խմբի ներկայացուցիչներն ու դերասանները«Իսկ ինչո՞ւ հենց մյուզիքլ». CrossNews.am-ի հարցին պատասխանեց սցենարիստ, բեմադրող, մտահղացման հեղինակ Իրինա Մրյանը. «Նախ, որովհետև մյուզիքլն իր մեջ ներառում է թե´ երաժշտություն, թե´ պար, թե´ թատերական խաղ, այսինքն, հնարավոր է համադրել արվեստի տարբեր ճյուղերը, օգտագործել եկեղեցու ամբողջ ստեղծագործական ներուժը՝ ասելիքը տեղ հասցնելու համար: Բացի այդ, ես դեռ պատանեկությունից շատ եմ սիրել մյուզիքլ:

Մեկ անգամ արդեն այս մյուզիքլը մենք ներկայացրել ենք հանդիսատեսին 2010 թվականին, սակայն հիմա այն շատ ավելի կատարելագործել ենք: Իհարկե, մենք նոր Ելից կամ նոր Մովսես չենք հորինել, պարզապես, ինչպես յուրաքանչյուր ստեղծագործական խումբ, մենք էլ այս պատմությունը փորձել ենք ներկայացնել մեր պրիզմայի միջոցով: Թեև ժամանակի հետ փոխվում են մարդկային քաղաքակրթությունը, մշակույթը, բայց մարդու ներսը նույնն է բոլոր ժամանակներում»:

«Ինչ վերաբերում է դեկորացիային, զգեստների դիզայնին, ապա ասեմ, որ ոչինչ պարզապես երևակայության արդյունք չէ, մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք այն ժամանակվա հրեաների, եգիպտացիների հագուկապը, մշակույթը և դրանց համապատասխան կառուցել ամեն դետալ, ամեն զգեստ ու աքսեսուար»,- ասաց բեմադրության գեղարվեստական ղեկավար, զգեստների դիզայնի, դեկորացիաների պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյանը: 

«Ելիցը» իր մասշտաբով ու շքեղությամբ լինելու է աննախադեպ. խոստանում են մյուզիքլի ստեղծագործական խմբի ներկայացուցիչներն ու դերասաններըՄյուզիքլի երաժշտությունը, ինչպես տեղեկացրեց կոմպոզիտոր և գործիքավորող Գարիկ Ամյանը, օրիենտալ-պրոգրեսիվ ռոք ոճի մեջ է, նաև սիմֆոնիկ որոշ հատվածներ ունի իր մեջ:

«Դրամատիկական բազում շերտեր կան ներկայացման մեջ, որպեսզի հնարավորինս մատչելի երևան այն չարչարանքները, որ վերապրում էին իսրայելացիները ելիցի ժամանակ,- մեկնաբանեց Գարիկ Ամյանը:- Աստվածաշունչը խոսում է երեք «ելիցների» մասին. հրեա ժողովրդի ելիցը, այն ելիցը, որը սպասվում է մարդկությանը՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ, և յուրաքանչյուր մարդու անձնական «ելիցը»՝ ազատագրումը, դուրս գալը գերությունից ու քայլելը դեպի ազատություն, ինչն էլ մեր գլխավոր սպասելիքն է այս մյուզիքլից»:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ կգտնի իրեն և իր համար կվերցնի ինչ-որ մի բան. մեկը կծանոթանա Իսրայելի ելքի պատմությանը, մյուսը Քրիստոսի հարության խորհուրդը կհասկանա և այլն,- իր կարծիքով կիսվեց խորեոգրաֆ, ռեժիսոր Քրիստինե Հովակիմյանը, ում խոսքը շարունակելով՝ Մովսեսի դերակատար Լենդ Մկրտչյանը հավելեց. «Այս ընթացքում, երբ գնալով ավելի ու ավելի եմ ինձ սնուցում Մովսեսի կյանքով, մի շատ կարևոր ուղերձ եմ հասկացել և կուզեմ փոխանցել դիտողին. Մովսեսն առաջնորդ էր, և մենք էլ՝ յուրաքանչյուրս, մեզ շրջապատող մարդկանց համար պետք է լինենք մովսեսներ՝ առաջնորդելու նրանց դեպի անձնական ելից»:

Աշխատելով տարբեր բեմերում, տարբեր սկզբունքներ ու կյանքի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեցող մարդկանց հետ՝ Քրիստինա Հովակիմյանը նշեց, որ հոգևոր թեմայով բեմադրություններ անելը շատ ավելի պատասխանատու է և դժվար. «Շատ եմ Աստծուն հարցեր տալիս, թե հաջորդ քայլս որն է լինելու, իսկ հիմա ինչ անեմ և այլն: Իհարկե, մենք ստեղծագործական խմբով հենց այս նախապատրաստական աշխատանքների ժամանակ էլ բոլորս անցնում ենք մեր ելիցը: Իմ խորին համոզմամբ՝ մեր փոխհարաբերություններն ավելի կարևոր են, քան մեր արածը: Բեմը կարծես ռենտգեն ախտորոշման մի վայր լինի, Աստծո բեմը՝ առավել ևս»:

«Ելիցը» իր մասշտաբով ու շքեղությամբ լինելու է աննախադեպ. խոստանում են մյուզիքլի ստեղծագործական խմբի ներկայացուցիչներն ու դերասաններըԿազմակերպիչ, համակարգող Արփինե Խոնդկարյանը նշեց, որ մյուզիքլի աշխատանքներին մասնակցում է ավելի քան 100 մարդ՝ հիմնականում կամավորներ, որոնք չեն նայում ներկայացմանը՝ որպես եկեղեցում բեմադրվող հերթական մյուզիքլի. «Ամեն անգամ հուզվում եմ, երբ տեսնում եմ մեր կամավորների նվիրվածությունը:

Մի պապիկ ունենք, ով զոդող է և մեզ շատ է օգնել իր աշխատանքով: Մենք չէինք ցանկանում նրան շատ չարչարել, բայց եկել ու պնդում էր, որ շարունակի օգնել, անգամ երբ շնորհակալություն հայտնեցի, ասաց, թե ինքն է շնորհակալ, որ թույլ ենք տալիս Տիրոջ գործի մեջ իր մասնակցությունն ունենա»,- նշեց Արփինեն՝ հավելելով, որ միաբանության մեջ է իրենց թիմի զորությունը:

Մյուզիքլի կայացման հարցում պակաս դեր չունի նաև պրոֆեսիոնալիզմը: Այո´, աշխատող թիմում հիմնականում ընդգրկված են կամավորներ, սակայն խոսելով պրոֆեսիոնալիզմի մասին՝ Գարիկ Ամյանը նշեց պրոֆեսիոնալիզմի ու հոգևորի ճիշտ չափաբաժինների ու դրանց համադրման մասին. «Իհարկե´, մենք կարևորում ենք պրոֆեսիոնալիզմը բոլոր հարցերում, բայց, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, որ մեր տկարության մեջ Տիրոջ շնորհքն է գործում: Ուստի՝ մենք էլ, որպես Աստծո տկարներ, անում ենք ամեն բան Նրա շնորհքով ու Նրա պարգևած տաղանդներով»:

«Ելիցը» իր մասշտաբով ու շքեղությամբ լինելու է աննախադեպ. խոստանում են մյուզիքլի ստեղծագործական խմբի ներկայացուցիչներն ու դերասանները

«Միևնույն ժամանակ՝ ծայրահեղական չենք: Օրինակ, եթե մենք համապատասխան ձայն չունենք, հրավիրում ենք պրոֆեսիոնալ երգչի: Այո՛, ռեսուրսները սահմանափակ են, աշխատանքը՝ մեծ, սակայն կա տեսիլք, որը համախմբել է մեզ բոլորիս,- եզրափակեց իր խոսքը Գարիկ Ամյանը,- մենք բոլորս մի կողմ ենք դնում մեր ամբիցիաները մեկ գերնպատակի համար՝ աչքի առաջ ունենալով մեր Տիրոջ Խոսքը. «Ո՞ւմ է պետք աշխարհը շահել, բայց իր անձը կորցնել»»:

Ամեն բան արվում է, որպեսզի բեմադրությունը համապատասխանի բարձր նշաձողի, սակայն գերագույն խնդիրը՝ «Ելից» մյուզիքլը հանդիսատեսին ներկայացնելու՝ հոգևոր ուղերձն է: Այնպես որ, մարտի 27-ին, սիրելի՛ ընթերցող, մի´ կորցրու հնարավորությունդ ներկա լինելու և վայելելու այս հոգևոր բացառիկ ազդեցություն ունեցող պատմությունը, վերապրելու այն ելիցն ու հարությունը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը շնորհել է յուրաքանչյուր հավատացողի:

Պատրաստեց Գոհար Ավագյանը