Մարտի 21. Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի բացառիկ ընդգրկմամբ

Մարտի 21. Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի բացառիկ ընդգրկմամբՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը (մարտի 21) նշվելու է բացառիկ ընդգրկմամբ. գրում է tert.am-ը:

Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը, կլինեն հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ, որոնք կիրականացվեն Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում և պարզապես` քաղաքի պուրակներում ու փողոցներում:

Ծրագրերին  կմասնակցեն և այդ օրը պոեզիա կընթերցեն ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ:

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ: Հայաստանում նշվող միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։