«Աստվածաշնչի պատասխանները դիտարանի մոլորությանը». Գրքույկի էլեկտրոնային տարբերակը՝ յուրաքանչյուրի համար

«Աստվածաշնչի պատասխանները դիտարանի մոլորությանը». Գրքույկի էլեկտրոնային տարբերակը՝ յուրաքանչյուրի համարԱյսօր Հայաստանում բոլորին են հայտնի «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ու նրանց տարածած գրքույկները:

Հայաստանում դժվար թե գտնվի այնպիսի մարդ, ով գոնե մեկ անգամ այս կամ այն կերպ առնչություն ունեցած չլինի «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամների հետ: Դժվար թե գտնվի մեկը, ում տան դուռը թակած չլինեն կազմակերպության ներկայացուցիչները, կամ էլ փողոցում հանդիպած չլինի նրանց, դժվար թե գտնվի մեկը, ում սիրալիր ժպիտով հարցրած չլինեն՝  «Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր ապագան երկրի վրա…»:

Ու թեև բազմիցս նշվում է, որ նրանք տարածում են ոչ քրիստոնեական, շեղված ու մոլորության տանող ուսմունք, այնուամենայնիվ, շատերը կանգնում են, զրույցի բռնվում, լսում…

Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քրիստոնյա նրանց ուսմունքի մասին.

  • Վկաները պնդում են, թե Քրիստոս Արարիչ Աստված չէ, այլ արարված մեկը՝ Միքայել հրեշտակապետը: Աստվածաշունչը հաստատում է, որ Տեր Հիսուս Քրիստոս արարված չէ, այլ Արարիչ Աստված է և Սուրբ Երրորդության անձերից մեկը:
  • Վկաները պնդում են, թե Սուրբ Հոգին անձնավորություն չէ, այլ անդեմ մի ուժ:
    Աստվածաշունչը հաստատում է, որ Սուրբ Հոգին անձ է, Աստված է և Սուրբ Երրորդության անձերից մեկն է:
  • Վկաները պնդում են, թե Երրորդություն գոյություն չունի և ողջ քրիստոնյա աշխարհը մոլորության մեջ է, քանի որ երեք «աստծու» է պաշտում:
    Աստվածաշունչը հաստատում է, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասին մեկ Աստված են՝ Սուրբ Երրորդություն, և քրիստոնյաները մեկ Աստծու են պաշտում:
  • Վկաները պնդում են, թե մարդը հոգի չունի, և հոգին մարմնից առանձին չի կարող գոյություն ունենալ:
    Աստվածաշունչը հաստատում է, որ մարդու հոգին կարող է գոյություն ունենալ նաև մարմնի մահից հետո:
  • Վկաները պնդում են, թե դրախտը երկրի վրա է լինելու, իսկ երկնային դրախտում միայն 144000 ընտրյալ է բնակվելու: Նրանց մոտ դժոխքը չի ընկալվում որպես տանջանքի վայր, այլ պարզապես որպես գերեզման, որտեղ մարդը դադարում է գոյություն ունենալ:
    Աստվածաշունչը հաստատում է, որ Քրիստոսով արդարացածները երկնային դրախտում են լինելու և նրանց թիվը շատ մեծ է լինելու: Նաև՝ դժոխքը տանջանքի վայր է, որտեղ իրենց պատիժն են կրելու Քրիստոսին բոլոր մերժողները:

Եթե ուզում եք առավել մանրամասն տեղեկացված լինել այս ամենին, ունենալ աստվածաշնչային փաստարկներ այդ մոլորության դեմ, ապա կարող եք անվճար ձեռք բերել «Էմմանուէլ» եկեղեցու աջակցությամբ վերջերս տպագրված «Աստվածաշնչի պատասխանները դիտարանի մոլորությանը» գրքույկի էլեկտրոնային տարբերակը:

Սույն գրքույկում, օգտվելով մի շարք հեղինակների հետազոտություններից, փորձ է արվել հավաքագրել և առավելագույնս սեղմ ու հնարավորինս առանց մեկնաբանությունների ներկայացնել Վկաների մոլորության հինգ կարևորագույն շեղումները սուրբգրային ճշմարտություններից:

Եթե ցանկանում եք անվճար ստանալ գրքույկի էլեկտրոնային տարբերակը, ապա գրեք arman@emmanuel.am հասցեին, և մենք կուղարկենք գրքույկը pdf տարբերակով:

Եղեք տեղեկացված ու տեղեկացրեք նաև մյուսներին: