Մարգարեությունը Հիսուս Քրիստոսին ներկայացնելն է. զրույց անգլիացի հովիվ Ռոբերտ Մաշբախի հետ

Ռոբերտ ՄաշբախՍուրբ Հոգու պարգևները գործում են մեզանում, որոնք օգնում են ավելի լավ ճանաչել Աստծուն, ավելի մտերմանալ Նրա հետ և ավելի խանդավառ ու նորոգված հույսով անցնել մեր հավատքի ճանապարհը:

Անդրադառնալով հենց այդ պարգևներից մեկին՝ մարգարեությանը, CrossNews.am-ը հարցազրույց է անցկացրել մարգարեական օծություն ունեցող անգլիացի հովիվ Ռոբերտ Մաշբախի հետ, ով վերջերս այցելել էր Հայաստան՝:

Հովիվ Մաշբախը նախքան հարցազրույցը նշեց, որ շատ տպավորված է՝ Հայաստանում տեսնելով Սուրբ Հոգուն ծարավ այդքան երիտասարների, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ Աստծո Հոգին այս ազգի վրա է, և նոր սերնդի սիրտը բաց է դեպի Աստված:

Այնուհետ հովիվ Մաշբախը սիրով պատասխանեց քրիստոնեության, մարգարեության և քրիստոնյաների առաջ դրված արդի մարտահրավերների վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

– Ի՞նչ է մարգարեությունն, ու ինչպիսի՞ դեր ունի այն քրիստոնեության մեջ:

Կան տարբեր պարգևներ, որոնք Սուրբ Հոգին ունի մեզ համար: Ինչպես ասվում է Ա Կորնթացիս 1.4-ում  «Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստվածանից ձեր մասին, Աստծո այն շնորհքի համար, որ տրված է ձեզ Քրիստոս Հիսուսում»:

Մարգարեությունն այդ պարգևներից մեկն է, և այն Հիսուս Քրիստոսի բնույթն է: Մարգարեության ժամանակ Հիսուս Քրիստոսն է խոսում ինչ-որ մեկի միջոցով: Այն պետք է մխիթարի, բարձրացնի և ուղղություն տա, թե ինչպես քայլել ճիշտ ճանապարհով:

Մարգարեությունն իսկապես շատ անհրաժեշտ է մեր օրերում, քանի որ, երբ մարդը խոսք է ստանում Հիսուսից, դա օգնում է, որ նրա սիրտը կապվի Հիսուսի հետ:

Աստվածաշնչի Հայտնություն գրքում ասվում է, որ մարգարեության Հոգին Հիսուս Քրիստոսի հոգին է: Դրա համար էլ ես սխալ եմ համարում այն, որ մարգարեությունը հարգանք ու փառք բերի այն մարդուն, ով մարգարեանում է: Այդ ամենը տեղի է ունենում միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:

Երբեք չեմ մոռանա մի դեպք իմ կյանքից. ես հազարավորների համար եմ աղոթել, բայց այդ մարդուն ես երբեք չեմ մոռանա. երբ ավարտեցի նրա համար աղոթել, արցունքները հոսում էին նրա աչքերից, և նա ասաց՝ «Ես հենց նոր հանդիպեցի Հիսուսին»: Սա ինձ համար լավագույն վկայությունն էր, քանի որ մարգարեանալիս ես ներկայացնում եմ ոչ թե իմ անձը, այլ Հիսուսին:

Մարգարեությունը հենց դա է՝ ներկայացնել Հիսուս Քրիստոսին:

 – Ի՞նչ է նշանակում՝ լինել իրական քրիստոնյա:

Գաղատացիս 2.20-ն ասում է «Ես Քրիստոսի հետ խաչված եմ։ Եվ կենդանի եմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում. և ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստծո Որդու հավատքով եմ կենդանի, որ ինձ սիրեց և Իր անձը ինձ համար մատնեց»։

Քրիստոնեությունն այն է, երբ Հիսուս Քրիստոսը բնակվում է քո մեջ Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի բոլոր այն օրհնությունները, որ մեզ համար պատրաստել է Հայր Աստված, լցնի մեր կյանքում:

Կողոսացիս 3-րդ գլուխն ասում է, որ Հիսուս Քրիստոսն է մեր կյանքը: Ինձ համար սա քրիստոնեության ամենազորավոր և հրաշալի բանն է: Ոչ մի այլ կրոն չունի սա, որ երկնային Հայրը երկրի վրա արարվածների սրտում դնի Իր Որդու Հոգին: Սա է քրիստոնեությունը:

Եվ ինչպես դուք կարող եք նկատել՝ մենք դեռևս երկրի վրա ենք, մենք մարդ ենք, մենք բնությամբ մեղսավոր ենք, և Աստված, շնորհիվ այն գնի, որ վճարեց Հիսուս Քրիստոսն Իր արյան միջոցով, մեր սրտերում դրեց Որդու Հոգին և դրանով մեզ դարձրեց իր զավակները:

Ես կարծում եմ, որ սրանում էլ կայանում է քրիստոնեության հիասքանչությունն ու ինքնատիպությունը:

Եթե Աստված մեզ քրիստոնյա դարձներ՝ միանգամից մեր բոլոր սխալներն ու ամեն սխալ գործերը վերցնելով, և տար մեզ ամեն բարի բան, վաղը մենք մեկ այլ սխալ կանեինք ու կկորցնեինք այդ ամենը:

Բայց Աստված իմաստուն է. Նա վերցրեց հավիտենական կյանքն ու դրեց Հիսուս Քրիստոսի մեջ, երբ հարություն տվեց Նրան մեռելներից: Նա Հիսուսին նստեցրեց Իր աջ կողմում, և այժմ, Սուրբ Հոգու միջոցով, այն կյանքը, որ Քրիստոսի մեջ կա, Նա տալիս է մեզ:

Այնպես որ, Հիսուսն է երաշխիքն այն բանի, որ մենք հավիտենական կյանքն ունենք, որ ունենք արդարություն ու խաղաղություն Աստծո հետ: Սա է Քրիստոնեության հրաշքը: Եվ այն տրվում է մեզ Սուրբ Հոգու միջոցով: Կարծում եմ, քրիստոնեությունը իսկապես զարմանահրաշ է:

Ռոբերտ Մաշբախ– Ինչպիսի՞ խնդիրների կամ մարտահրավերների առաջ են կանգնում մերօրյա երիտասարդները Քրիստոսի հետ իրենց ընթացքն անցնելիս:

Կարծում եմ՝ ամեն մեկի դեպքում դրանք տարբեր են: Ամեն մեկն իր սեփական պայքարներն ունի:

Իմ դեպքում Հիսուսը մեծ աշխատանք է կատարել Իր Հոգով՝ օգնելով ինձ թողնելու բաներ, որոնք շարունակաբար պայքարում էին իմ մեջ Նրա Հոգու դեմ:

Բայց Հիսուսը Փրկիչ է՝ լցված կարեկցանքով ու սրտացավությամբ, ահա թե ինչու Նա սաստիկ տառապեց՝ ոչ միայն մեր մեղքերի գինը վճարելով, այլև օգնելով մեզ վստահել Իրեն՝ մարդկային մեղսավոր բնության դեմ մեր պայքարում: Եվ Նա մեզ ոչ միայն նոր կյանք է տալիս, այլև օգնում է հաղթել հին մարդուն:

Աստվածաշունչն ասում է՝ եթե նրա հետ մեռնենք, նրա հետ էլ կապրենք: Նա գործում է մեր մեջ, որ մենք կարող լինենք թողնելու այն ամենը, ինչը մեր մարդկային մեղսավոր բնությանն է պատկանում: Կարծում եմ՝ սա հիմնային է ամեն քրիստոնյայի համար: Եվ փառք Աստծուն, որ ունենք Քրիստոսին, Ով օգնում է մեզ: Կան նաև բաներ, որոնք ամեն մեկի կյանքում տարբեր են:

Երբ Աստված կանչեց ինձ ծառայության մեջ, ես Հոլանդիան պետք է թողնեի ու տեղափոխվեի Բրիտանիա: Եվ մեկ բան կար, որ այնքան դժվար էր ինձ համար. դա իմ հորը թողնելն էր: Ես սիրում էի իմ հորը, աշխատում նրա հետ, աշխատում էինք մեկ մարդու պես, և հիմա Աստված ինձ կանչում էր առանձնանալու:

Դա կոտրում էր իմ սիրտը: Ես ծնկի եկա և ասացի՝ «Տե՛ր, ես չեմ կարող այս ցավը տանել, բայց գիտեմ, որ Դու ես իմ հայրը, իմ մայրը, իմ քույրն ու իմ եղբայրը և Դու բավական ես ինձ համար»: Եվ Աստված հանեց այդ ամենը ինձնից, ինձ ազատ արձակեց, ես ազատ էի, և իրոք որ Տերն ավելի քան բավական էր ինձ համար:

Այնուհետև՝ մեկ տարվա ընթացքում, հայրս եկավ ինձ այցելելու: Նա ձեռքը դրեց ու օրհնեց ինձ:

Կարծում եմ, որ սա իմ դեպքում էր այսպես, և ուրիշի կյանքում մեկ այլ դեպք կարող է լինել. գուցե մեկն իր երեխային է կորցրել, կամ ընկերոջը, կամ ծնողին ու չի կարող թողնել, մոռանալ կատարվածը: Ամեն մարդ իր պայքարներն ունի, բայց Աստված այս ամենում կարող է օգնել մեզ:

– Ի՞նչ պետք է անի քրիստոնյան ամեն օր՝ վերջին օրերում հավատքի մեջ հարատևելու համար:

Աստվածաշունչն ասում է, որ արդարը հավատքից կապրի: Սա նշանակում է, որ  կյանքը գալիս է մեզ մոտ Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքի միջոցով, այնպես որ՝ քո ողջ վստահությունը դիր Քրիստոսի մեջ, որ Նա գործի քո մեջ Իր Սուրբ Հոգու միջոցով, ինչպես Աստված է ասում Իր Խոսքի մեջ:

Հիշում եմ՝ կար մի ժամանակ, երբ ինձ թվում էր, թե ես արժանի չեմ Տիրոջը:

Եվ մեկ անգամ ես պառկած էի անկողնումս, ներսումս՝ սրտիս մեջ, պայքար էր, ջանում էի խեղդել իմ մեջ մեղավորության զգացումը: Եվ իմ պայքարն այս էր. ես ինձ Աստծուն արժանի չէի համարում: Աստված ընտրել էր ինձ, բայց ես մտածում էի, որ հնարավոր է, սխալվում եմ:

Կնոջս՝ Վերջինիային ասացի՝ «Չգիտեմ, թե որքան է շարունակվելու իմ մեջ այս պայքարը, զգում եմ, որ արժանի չեմ Աստծուն, բավարար լավը չեմ Նրա համար»: Նա իր ձեռքը դրեց ինձ վրա ու աղոթեց, և նրա աղոթքն այս էր. «Տե՛ր, Ռոբերտը չպետք է սա տանի այլևս, Դու կտանես դա իր մեջ՝ Քո Հոգու միջոցով»: Այդ պահից ես ազատ էի այդ զգացումից ու նորից երբեք այս պայքարը չեմ ունեցել:

Կարծում եմ Ա Պետրոս 5-րդ գլխում Աստված բոլորիս է ասում. «Ձեր հոգսը ինձ վրա գցեցեք, և Ես հոգ կտանեմ ձեզ համար»: Այս վերջին օրերում մենք պետք է իմանանք, որ Աստված հոգ է տանում մեզ համար: Եվ կարծում եմ, որ անկախ նրանից, թե որքան խավար է այս աշխարհը, Աստված լույս կլինի մեր մեջ ու մեզ հետ:

                                                                                                                            Պատրաստեցին Անի Էլոյանն ու Սուսաննա Օհանյանը