Երկնային Թումանյան. այսօր ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը

Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869թ-ի այս օրը՝ փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում: Մեծանուն հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Թումանյանը գրել է բանաստեծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով՝ երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Երիտասարդ տարիքում Թումանյանը տեղափոխվում է Թիֆլիս, որը ողջ 19-20-րդ դարերում Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի է դառնում հայկական հասարակության լայն շրջանակներին իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով:

Թումանյանի ստեղծած մշակույթը, ըստ էության, քրիստոնեական մշակույթ է, քրիստոնեական մտածողություն, քրիստոնեական վարք ու բարք ունեցողի մշակույթ, ըստ որում՝ ո՛չ անկենդան, կրոնական, այլ կյանքով լցված քրիստոնեական մշակույթ, քանի որ քրիստոնեությունը կյանք է:

Թումանյանի հոգևոր գործերը «Աստծո խորհրդավոր, թաքուն հայտնություններ են, որոնք ծածկված են մարդկանցից, և Աստված նման գործերը սահմանել է Աստծո միտքն ունեցողների համար, նախքան հավիտյանները» (1-ին Կորնթ. 2.7):

Աստծուն փառք բերող թումանյանական գոհարների «լավ կարդալու» օրերը եկել են արդեն: Մարգարե բանաստեղծը գիտի. «Ես գիտեմ, մի օր, իհարկե, ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն և աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան… »: Այս նա ասում էր, քանի որ վստահ էր, որ իր կյանքի ու գործի շնորհիվ մի նոր, երկնային Թումանյան է հառնելու:

Պոետը գիտի, որ հոգին սահմանափակված չէ մարմնով, չի պարփակված ձևով, չի ամփոփված սահմաների մեջ, ուստի և կարող է միաժամանակ լինել ամենուրեք: Հոգին անվերջ է, հավիտենական և անփոփոխ: Ահա այս միտքն իր սրտում բանաստեղծը կարող է հաղթահարել Աստծուն սահմանափակելու գայթակղությունը և որպես հոգի՝ տիեզերքի Մեծ Հոգու հետ լինել անչափելի ժամանակների հոլովույթում.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղե՜լ եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի Մեծ Հոգու հետ, ի՜նչ կա որ:

Աստծո հետ ճիշտ հարաբերություն հաստատելու համար Աստծո ներկայության մեջ գտնվող բանաստեղծն իր միտքը չի ուղղում մարմնին, այլ հոգուն, քանի որ «մարմնի խորհուրդը մահ է, իսկ հոգու խորհուրդը՝ կյանք և խաղաղություն» (Հռոմ. 8.6):

Աստծո վեհությունը խոնարհեցնում է բանաստեղծին և Նրա հավիտենությունը ցույց է տալիս մարդկային ունայնությունը: Երբ մարդ փորձում է ինքն իրեն համեմատել Աստծո հետ, հավիտենության առջև իր վաղանցիկ լինելն է տեսնում, անփոփոխության առջև՝ իր փոփոխելիությունը: Հավիտենության լույսը չի շլացնում նրան, այլ պարզապես ցույց է տալիս այս աշխարհի հաճույքների ոչնչությունը.

Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ,
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված, գրազ եղավ, անցկացավ:

«Տանուլ տված կյանքը» բանաստեղծի շնչավոր կյանքն է, որի մարմնավոր եռանդի դեմ Աստծո կատարած ներգործությունը հասել է իր նպատակին: «Երազին, մուրազին» հասնելու միայն մի ճանապարհ կա՝ Աստծո լիությամբ լցվելու ճանապարհը. լիություն, որ վերջ կդնի այն ամենին, ինչն Աստծուց չէ:
Թումանյանն Աստծուն ի տես գալու իր ճամփորդությունն սկսել է իր ֆիզիկական մահից և փառահեղ մարմնով հարություն առնելուց դեռ շատ առաջ: Սա երկրի փառքին անհաղորդ հոգու մի եզակի ճամփորդություն է, որ հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր.

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

Սա գրողի երևակայությամբ ստեղծված անիրական հրաշապատում չէ և նպատակ չունի որևէ գաղափար ընդգծելու, կյանքի որևէ երևույթ ավելի վառ ու ցայտուն ներկայացնելու: Սա ներկայից մտքով և հոգով առաջ անցնելու, ապագայի մեջ ինքն իրեն տեսնելու մի հայտնություն է. ճանապարհ, որով Աստված խոսում է բանաստեղծի հետ, որպեսզի հասկանա, թե ով է ինքը:

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծո շունչը ամենուր.
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

Բանաստեղծը գիտի, որ ինչպես չենք կարող ապրել առանց շնչելու, այնպես էլ չենք կարող գոյատևել առանց Աստծո տված կենարար զորության, առանց Աստծո ներկայության: Աստված է նրան կյանք ու շունչ տվողը: Աստծո հոգին է ստեղծել իրեն և, Ամենակարողի շունչն է կյանք տվել իրեն (Հակ. 33.4):

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն,
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…

Ահա թե ինչ ճանապարհ է փնտրում մեծն Թումանյանը: Նա հարստություն չի փնտրում, առողջություն չի փնտրում, այլ տուն տանող «ճամփան» է փնտրում, այսինքն՝ Աստծո ներկայության մեջ է և՛ առողջությունը, և՛ խաղաղությունը, և՛ արդարությունը, և՛ հաղթությունը:

Նյութը պատրաստվել է ըստ «Երկնային Թումանյան» գրքի