Այսօր Հիվանդի համաշխարհային օրն է. Աստվածաշնչյան համարներ բժշկության մասին

Այսօր Հիվանդի համաշխարհային օրն է. Աստվածաշնչյան համարներ բժշկության մասինԱյսօր՝ փետրվարի 11-ին, նշվում է Հիվանդի համաշխարհային օրը: Այն սահմանվել է 1992 թ մայիսի 13-ին՝ հանգուցյալ Հովհաննես Պողոս պապի նախաձեռնությամբ, ում մոտ 1991 թ. ախտորոշվել էր Պարկինսոնի հիվանդություն:

Հիվանդի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1993 թ. փետրվարի 11-ին: Օրվա նպատակն է բոլորի ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել այն մարդկանց վրա, ովքեր հիվանդ են, կարիք ունեն բժշկության ու խնամքի:

Ուզում ենք քաջալերել բոլորին, որ ուշադիր լինեն իրենց կողքին գտնվող հիվանդների նկատմամբ, ուշադիր լինեն ոչ միայն այսօր, այլ ամեն օր, իսկ հիվանդություն ունեցող մարդկանց, չմերժելով բժշկական միջամտություններն ու բուժումները, ուզում ենք նվիրել աստվածաշնչյան մի քանի համար և հորդորել, որ ցանկացած պարագայում վստահեն Աստծուն և աղոթեն բժշկության համար:

«…Որովհետեւ ես եմ Տերը՝քո բժիշկը» (Ելից 15.26):

«Եվ Հիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայում՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում և քարոզելով արքայության ավետարանը, և ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն և ամեն ցավերը բժշկելով» (Մատթևոս 4.23):

«Որովհետև ես քեզ պիտի սպեղանի դնեմ, և քո հարվածներից պիտի բժշկեմ քեզ, ասում է Տերը» (Երեմիա 30.17):

«Ահա ես դնելու եմ նրա վրա սպեղանիք և բժշկություն, և պիտի բժշկեմ նրանց, և պիտի հայտնեմ նրանց խաղաղության և ճշմարտության առատություն» (Երեմիա 33.6):

«Ով Տեր՝ իմ Աստված, ես դեպի քեզ աղաղակեցի, և դու բժշկեցիր ինձ» (Սաղմոս 30.2):

«Ինձ բժշկիր, ով Տեր, և ես կբժշկվեմ. Փրկիր ինձ, և ես կփրկվիմ. Որովհետեւ իմ պարծանքը դու ես» (Երեմիա 17.14):

«Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.16):

«Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53.5):