Մի՛ հանձնվիր. Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Մի՛ հանձնվիր. Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էՄեր օրերում թերևս ողջ մարդկության առաջ ծառացած մեծագույն խնդիրներից մեկը քաղցկեղ հիվանդությունն է, դրա շարունակական աճն ու հիվանդության հետևանքով մահացությունների թիվը: Ցավալի է, սակայն տարեկան գրանցվում է քաղցկեղի շուրջ 14 միլիոն դեպք, որի 60%-ն ավարտվում է մահացությամբ:

Փետրվարի 4-ը Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նշվում է Միջազգային հակաքաղցկեղային միության նախաձեռնությամբ՝ 2005 թվականից: Այս տարի Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է ընտրվել՝ «Քաղցկեղը հեռու չէ մեզնից»-ը:

Օրվա հիմնական նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա և ևս մեկ անգամ հիշեցնել դրանց վտանգավորության եւ հնարավորինս վաղ ախտորոշման եւ կանխարգելման անհրաժեշտության մասին։

Ինչո՞ւ է այն տարածվում այդպես արագ և ինչպե՞ս պայքարել քաղցկեղի դեմ.

Ապացուցված է, որ մի շարք երևույթներ՝ ինչպիսիք են թմրանյութերը, ծխախոտը, ալկոհոլը, շաքարի չարաշահումը, առաջացնում կամ արագացնում են քաղցկեղը: Իհարկե, կան նաև շատ դեպքեր, երբ մարդն առնչվում է դրան նաև առանց վերը թվարկված բացասական երևույթների, սակայն մի բան պարզ է. պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և այն ավելորդ ռիսկերի չենթարկել:

Հնարավո՞ր է բժշկվել քաղցկեղից:

Այո՛: Հնարավոր է թե՛ բժշկական, թե՛ Աստծո գերբնական միջամտությամբ: Կարդա՛ Հին Կտակարանն ու տես, թե ինչպես էր Աստված գործում դատավորների, մարգարեների ու հավատարիմ մարդկանց միջոցով: Կարդա՛ Ավետարանն ու տես, թե ինչպես էր Հիսուսը բժշկում մարդկանց, հարություն տալիս մեռելներից, ոտքի կանգնեցնում անդամալույծներին: Կարդա՛ Գործք Առաքելոցն ու տես, թե ինչպես էր նույն Աստված գործում նաև աշակերտների ու Քրիստոսի հետևորդների միջոցով:

Եթե անգամ բախվել ես այդ հիվանդությանը, թող ամրանա հավատքդ ու երբեք մի՛ հանձնվիր: Գնա՛, դիմի՛ր բժիշկներին ու անկախ նրանից, թե ինչ ախտորոշում կտան քեզ, միշտ հիշիր, որ ամենակարող Աստված քո կողքին է:

Եթե դեռևս չես ճանաչում Աստծուն, գտիր որևէ ուղղադավան եկեղեցի, որտեղ կքարոզեն Սուրբ Երրորդություն, խաչյալ և հարուցյալ Քրիստոս, և սկսիր մասնակցել ժողովների, ձգտիր ավելի ճանաչել Աստծուն, ավելի մոտենալ… Խնդրիր հոգևոր ծառայողներին աղոթել քեզ համար, ինքդ աղոթիր ու պայքարիր հիվանդության դեմ: Դրա հետ մեկտեղ հիշիր, որ մեր ֆիզիկական առողջությունից առավել կարևոր է նաև մեր հոգու բժշկությունը, մեր երկրային կյանքից առավել կարևոր՝ հավիտենականն ու երկնայինը: Վստահ եղիր՝ Աստված կարո՛ղ է բժշկել… Մի՛ հանձնվիր…

«Թեև գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենա. որովհետև դու ինձ հետ ես…» (Սաղմոս 23.4):

«Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժկվեցինք» (Եսայի 53.5):