Հնդկաստանում 20 եկեղեցի այրելու և Օլիսաբանգ նահանգում 200 եկեղեցիների վրա հարձակվելու լուրն իրականությանը ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

Հնդկաստանում 20 եկեղեցի այրելու և 200 միսիոներ սպանելու լուրը իրականությանը չի համապատասխանումԱրդեն երկու-երեք օր է, ինչ համացանցում և տարբեր լրատվական կայքերում ներկայացվում է տեղեկություն այն մասին, որ Հնդկաստանում նախորդ գիշեր ծայրահեղականներն այրել են 20 եկեղեցի և պատրաստվում են ոչնչացնել ևս 200-ը՝ Օլիսաբանգ նահանգում: Այնուհետև հաղորդագրության մեջ խնդրում են աղոթել և լուրը փոխանցել նաև մյուսներին:

Իհարկե, թե՛ Հնդկաստանում, թե՛ Աֆղանստանում կա հալածանքների մեծ ալիք և այդ երկրների ու հալածվող քրիստոնյաների համար պետք է աղոթել անդադար, սակայն տվյալ լուրը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այն հին է և վստահության ոչ արժանի:

Այդ հայտարարությունն ու աղոթքի խնդրանքը ՆՈՒՅՆ ԲԱՌԵՐՈՎ գրել է Ջերի Սմիթ անունով օգտատերը 2010 թվականի ապրիլի 4-ին քրիստոնեական ֆորումներից մեկում (http://forum-hristian.ru/archive/index.php/t-6831.html), հետո նույն հայտարարությունը հայտնվում է մեկ այլ ֆորումում 2012 թ-ի ապրիլին (http://maranatha.org.ua/forum/viewtopic.php?f=12&t=7217&start=350&hilit=%D0%B0%D0%B1%D0%BE%D1%80%D1%82):

Այնուհետև այնպիսի հոգևոր և ոչ հոգևոր  լրատվական կայքեր, ինչպիսիք են asianews.it-ը, incontextministries.org-ը, mnnonline.org-ը, 2010-2012 թվականներին տարբեր հրապարակումներում տեղեկացրել են, որ հայտարարությունը պարզապես չի համապատասխանում իրականությանը ու Օլիսաբանգ անունով նահանգ Հնդկաստանում գոյություն չունի:

Պարզապես երևի ինչ-որ մեկը տեսել է այդ նյութերն ու առանց նայելու ամսաթվին ու ստուգելու իսկությունը՝ սկսել տարածել:

Պահեք Ձեր խաղաղությունն ու չմոռանաք աղոթել հալածվող քրիստոնյաների համար: