Այն, ինչ ես միշտ անում եմ Սուրբ Ծնունդի օրը

Family-exchanging-presents-at-ChristmasԳաղտնիք չէ, որ հայերս ավանդապահ ժողովուրդ ենք, շատերս չենք էլ ուսումնասիրում այս կամ այն ավանդույթի արմատները, պարզապես սիրում ենք թե´ մեր պապենական ավանդույթները պահել, թե´ ինքներս ենք որոշ ավանդույթներ ստեղծում՝ կապված տարբեր իրադարձությունների հետ: Լավ է սա, թե՝ վատ, ամեն մարդ ինքն է իր համար որոշում, սակայն կան ձևավորված ավանդույթներ, որոնք իսկապես հիացնում են իրենց վեհությամբ ու ազնվությամբ, քանզի աստվածային ծագում ունեն՝ հիմնված են սիրո, հոգատարության և անձնվիրության վրա: Ահա այդպիսի մի ավանդույթի էլ այսօր մենք որոշել ենք անդրադառնալ:

Մեր հինավուրց քրիստոնյա երկրում ամենուր սրտի տրոփյունով են սպասում Սուրբ Ծննդյանը: Դա այն յուրահատուկ օրերից է, երբ բոլոր քրիստոնյաներն անպայման գնում են եկեղեցի, իրենց սրտի գոհությունը հայտնում Աստծուն, երկրպագում Նրան ու օրհնում Նրա ծնունդը:

Սակայն Սուրբ Ծնունդը նաև ընտանեկան տոն է, և յուրաքանչյուր ընտանիք, ի վերջո, հավաքվում է տանը՝ տոնական սեղանի շուրջ՝ ջերմ ու անկեղծ մթնոլորտում նշելու մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Մենք որոշեցինք հարցախույզ անցկացնել, թե մեր քրիստոնյա ժողովուրդը ինչպիսի՞ հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթներ ունի՝ կապված Սուրբ Ծնունդի հետ: Ներկայացնում ենք ձեզ դրանցից առավել հետաքրքիրները.

«Մենք ընտանիքով Սուրբ Ծնունդը հատուկ կերպով ենք նշում: Ամեն մեկս նախօրոք փոքրիկ պատգամ ենք պատրաստում: Սեղանը լինում է շատ տոնական: Աղոթում է ընտանիքի հայրը, հետո ամեն մեկս մեր պատգամն ենք տալիս, միասին երգում ենք մի երգ ու վայելում ենք տոնական ուտեստները: Մի քանի տարի առաջ փոքրիկ հանգանակության տոպրակ ունեինք, որի մեջ ամբողջ տարի կոպեկներ էինք գցում հատուկ այդ օրվա համար: Մեկ էլ ասեմ, որ մենք 2 անգամ ենք նշում Սուրբ Ծնունդը՝ և´ դեկտեմբերի 25-ին, և´ հունվարի 6-ին. առիթը բաց չենք թողնում այդ հիասքանչ տոնը ևս մեկ անգամ նշելու»:

                                                                                                                                   Հասմիկ Լևոնյան

«Քանի որ ամեն մեկն իր ծննդյան օրը նվերներ է ստանում, ուրեմն Սուրբ Ծնունդի օրը պետք է Հիսուսը նվեր ստանա: Մեկ անգամ մենք ընտանիքով խոսում էինք այդ մասին, և իմ որդին հարցրեց, թե ինչպե՞ս մենք կարող ենք Հիսուսին նվեր տալ, չէ՞ որ Նա հարություն է առել ու հիմա երկնքում է: Ես նրան փոխանցեցի Հիսուսի խոսքերը, որ եթե մեկին Հիսուսի անունով մի բարի բան անենք, դա հենց կնշանակի, որ Իրեն ենք անում: Եվ մենք բոլորս միասին որոշեցինք ամեն Սուրբ Ծննդյան օր նվեր պատրաստենք ինչ-որ մեկի համար, ում հեռվից ենք ճանաչում, այնքան էլ մտերիմ չենք, որպեսզի անակնկալ լինի նրա համար, անսպասելի հաճելի նվեր: Եվ այդպես էլ անում ենք. ամեն անգամ Հիսուսի անունով օրհնում ենք որևէ մեկին»:

                                                                                                                                  Արման Բաբայան

«Սուրբ Ծնունդը մենք պարտադիր նշում ենք դեկտեմբերի 25-ին, որովհետև առանց Տիրոջ Ծնունդի չի կարող մեզ համար տարին սկսվել: Նշում ենք ընտանիքով, տոնական սեղանի շուրջ, հատուկ ուտեստ չունենք, բայց պատրաստում ենք լավագույնը: Սեղանի շուրջ օրհնում ենք Տիրոջը և հիշում տարվա հրաշքները, որ Նա արել է մեզ համար»:

                                                                                                                             Արտակ Չիլինգարյան

«Մենք ամեն տարի Սուրբ Ծնունդի օրն այցելում ենք մեզ ծանոթ որևէ անբարենպաստ ապրող ընտանիքի և նրանց հետ ենք նշում այդ տոնը: Մեզ հետ տանում ենք նախօրոք պատրաստած նվերներ և մեր ձեռքերով պատրաստած քաղցրավենիք: Այդ քաղցրավենիքը մենք պատրաստում ենք մեր ընտանիքի բոլոր անդամներով միասին: Եվ մեր երեխաները մեծ սիրով են սպասում այդ օրվան, որպեսզի միասին պատրաստենք ու այցելենք որևէ կարիքավոր ընտանիքի»:

                                                                                                                                    Սոֆա Մկրտչյան

«Ես և իմ ընկերները ամեն տարի այդ օրը դուրս ենք գալիս ավետարանչության: Դա հրաշալի օր և առիթ է մարդկանց պատմելու Հիսուսի սիրո մասին և Բարի Լուրը հասցնելու մարդկանց»:

                                                                                                                              Կարեն Աղամալյան

«Ճիշտն ասած, ես միշտ իմ դեկտեմբերի աշխատավարձից որոշակի գումար եմ առանձնացնում, որպեսզի հունվարի 6-ին՝ իմ Տիրոջ ծննդյան օրը, Նրան նվեր անեմ: Իսկ, թե ինչպես եմ անում, թող դա մնա իմ գաղտնիքը, լա՞վ»:

                                                                                                                              Անի Հարությունյան

«Դեռ իմ տատիկից մայրիկիս անցած ավանդույթ կար մեր տանը, ամեն տարի թե´ Տիրոջ ծննդյան, թե´ հարության տոներին նրանք կլոր գաթա էին թխում և մեջը մեկ հատիկ կոպեկ էին դնում՝ ասելով, թե ում բաժնի մեջ այն հայտնվի, նա հաջողություններ կունենա այդ տարի: Անկեղծ ասած, ինձ շատ էր դուր գալիս այդ ավանդույթը, միշտ անհամբեր սպասում էինք, թե երբ պետք է այդ գաթան կտրվեր: Սակայն երբ ես մեծացա, սկսեցի Աստվածաշունչ կարդալ, հասկացա, որ Աստված հաջողություններ ունի բոլորի համար, և այդ կոպեկը չի որոշում հաջողության հասնողին: Բայց քանի որ այդ ավանդույթն ինձ շատ հարազատ էր, ես մի փոքր այլ կերպ, բայց անում եմ դա իմ ընտանիքում: Ես թղթերի վրա գրված աստվածաշնչյան հզոր ու բարձրացնող խոսքեր եմ գրում և դրանք բոլորը լցնում եմ այդ գաթայի մեջ: Այնպես որ, բոլորին էլ հասնում է, և ամեն խոսքն էլ այնքան լավն է, որ ոչ ոք չի մնում անտեսված: Յուրաքանչյուրս, կարդալով դրանք, ավելի ենք զորանում և հավատքով լցվում»:

                                                                                                                            Քրիստինա Մկրտչյան

Պատրաստեց Գոհար Ավագյանը