Սուրբ Ծնունդն իրականացավ մարդկային ակնկալիքներից դուրս. զրույց «Life» պարային խմբի հետ

12435897_923319991092219_229515462_nԱստծո հետ շփման տարբերակները բազում են, և յուրաքանչյուրը գտնում է իրեն համապատասխանը: Ինչպես մեզ հասկանալի խոսակցական լեզուն, երգն ու պարը ևս հանդիսանում են լեզու, որով հնարավոր է արտահայտել զգացմունքներ, մտքեր, հոգևոր վերապրումներ:

Եվ ահա այսօր, անդրադառնալով այդ լեզուներից մեկին՝ պարին, ձեզ ենք ներկայացնում CrossNews.am-ի զրույցը Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցուն կից գործող «Hip-Hop Life» պարային խմբի և խմբի գեղարվեստական ղեկավար Քրիստինե Հովակիմյանի հետ:

«Life» պարային համույթն իր 16-ամյա գործունեության ընթացքում հասցրել է մասնակցել մի շարք միջոցառումների և մրցույթների, գրանցել բազում հաղթանակներ: Վերջերս ունեցած մեծ հաղթանակներից էր նաև Սոչիում տեղի ունեցած հեղինակավոր «IDO European Championships and World Cups – SOCHI 2015 ART GAMES» մրցաշարում առաջին հորիզոնականում հայտնվելը: 

Տոներին ընդառաջ Քրիստինե Հովակիմյանը կիսվում է Սուրբ Ծննդյան իր վերապրումների և հոգևոր կյանքում պարի առկայության մասին:

Ինչպե՞ս ստեղծվեց  և ձևավորվեց «Life» պարային խումբը:

Սկզբում եկեղեցում hip-hop պարեր չկային: Եվ երբ Հովիվ Արթուրի և Լուսինեի մոտ միտք ծագեց նման պարերի խումբ ստեղծել, ինքս ցանկություն հայտնեցի սովորեցնելու և մարզելու երեխաներին:

Եվ 2000 թվականին հիմնվեց հենց այդ ոճի պարի խումբը մեր եկեղեցում, որը գործում է մինչև օրս: Ունենք տարբեր տարիքի խմբեր: Շատերը կայանալով՝ դուրս են գալիս, և նրանց փոխարինելու է գալիս հաջորդ սերունդը:

12434530_923317191092499_1478692034_nԻնչո՞վ է պայմանավորված խմբի անունը, ինչո՞ւ հենց «Life»:

Անկեղծ ասած՝ անունը շատ պատահական ընտրվեց: Երեխաները պետք է մասնակցեին մրցույթի, և գրանցվելու համար անուն էր պետք: Հովիվ Լուսինեի առաջարկությամբ՝ խումբը ներկայացավ «Life» անվան ներքո: Եվ ահա այդպես էլ դրվեց խմբի անունը, որով խումբը կոչվում է մինչ օրս:

Ի՞նչ է պարը Ձեզ համար` մասնագիտություն, սիրված զբաղմունք, թե….

Պարն ինձ համար ամեն բան է: Ես անդադար Աստծուն փառք եմ տալիս պարերի համար ու շնորհակալություն եմ հայտնում, որ ես հենց պարով եմ զբաղվում, քանի որ դա ամբողջովին ուրիշ աշխարհ է: Պարն ինձ համար ոչ խոսակցական աշխարհ է, որտեղ խոսքը քո ժեստերն են, միմիկաները, համակցված, գեղեցիկ ու իմաստավորված շարժումների միջոցով դու խոսում ես մեկ այլ լեզվով, որն էլ հենց կոչվում է պար:

Ինչպես նշեցիք՝  պարը լեզու է: Որքանո՞վ է կապված այդ լեզուն Աստծո հետ, և ինչպե՞ս կարելի է այդ լեզվով արտահայտել հոգևոր վերապրումները:

Պարի միջոցով կարող ես ամեն բան ասել: Պարի պատմությունը ցույց է տալիս, որ տարբեր ազգեր, ցեղատեսակներ հենց պարի միջոցով երկրպագել ու փառաբանել են իրենց «աստվածներին», իսկ ինչո՞ւ պետք է քրիստոնյաները չանեն դա:

Պարային գրականության մեջ ես կարդացել եմ, որ քրիստոնյաների պարը Դավիթ թագավորի հետ է կապվում, քանի որ նա առաջինն է, ով Աստծո տապանակը տեսնելուն պես՝ պարեց ու ցնծաց. չկային բառեր կամ խոսքեր, Դավիթ թագավորն ուղղակի վեր կացավ և իր ուրախությունն ու գոհությունը պարի միջոցով արտահայտեց:

Մենք գիտենք նաև, որ երբ հրեաները Կարմիր ծովը հատելով անցան, ծնծղաները վերցրեցին ու պար բռնեցին:

Այնպես որ, ես կարծում եմ՝ պարն անբաժան է մարդկությունից: Նույնիսկ կարելի է ասել, որ պարը մարդկությունից առաջ է եղել, քանի որ հենց շարժումն արդեն իսկ համարվել է պար:

Մոտենում է Սուրբ  Ծնունդը: Ի՞նչ նշանակություն ունի այն անձամբ  Ձեզ համար, և ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա խորհուրդը:

Սուրբ Ծնունդն իմ ամենասիրելի տոներից մեկն է: Այդ տոնը կապված է մեծ հրաշքի հետ, ու այդ օրը, անկախ ամեն ինչից, բոլորը հրաշքի են սպասում, քանի որ կույսից մանուկ ծնվեց, և Աստված իր փրկության ծրագիրը տվեց մարդկանց: Դա արվեց շատ յուրահատուկ ձևով. բորորը Մեսիային այլ կերպ էին սպասում, բայց Աստված ամեն բան արեց մարդկային ակնկալիքներից դուրս, և դա ինձ համար ամենահրաշալի պատմություններից մեկն է:

Ես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ մարդիկ պատրաստվում են Սուրբ Ծննդյանը՝ առանց Քրիստոսին իրենց կենտրոնում ունենալու: Ես կցանկանամ, որ այդ հրաշքը, որ մեզ համար Մանուկ ծնվեցավ, պահպանվի թե՛ մեզ համար, թե՛ մեզնից հետո:

12431480_923319974425554_1857723641_nՍուրբ Ծնունդը, իհարկե, ինքնին հրաշք է, այդուհանդերձ, ինչպիսի՞ սուրբծննդյան հրաշք եք ակնկալում Դուք:

Անկեղծ ասած՝ այնպես է ստացվում, որ Սուրբ Ծննդյան օրը ես միշտ ներգրավված եմ լինում ինչ-որ միջոցառումների մեջ և այնքան մեծ ցանկություն ունեմ, որ գոնե մեկ Սուրբ Ծնունդի մեկնեմ արտերկիր ու պարզապես հանգիստ վայելեմ տոնական շունչն ու տրամադրությունը:

Բայց ես, իհարկե, չեմ դժգոհում: Իմ գործն ու ծառայությունն եմ անում և անում եմ մեծ սիրով: Չէ՞ որ Աստված այդ օրն ինձ օգտագործում է մարդկանց ուրախացնելու և իր փրկության լուրը նրանց փոխանցելու համար:

Իհարկե, ինձ համար հրաշք կլիներ Սուրբ Ծննդյանը հայտնվել ինչ-որ մեկ այլ վայրում, բայց այն գիտակցումը, որ Մանուկ Հիսուսը ծնվեց, քո մեղքը վերցրեց, քեզ փրկեց, ազատեց անեծքից, մեղքի կապանքներից, և այն գիտակցումը, որ կարող ես այսօր ծնկի իջնել Աստծո առաջ, քո աղոթքը բարձրացնել ու ստանալ այդ աղոթքի պատասխանը, ամենահրաշալին է:

Չկա ավելի մեծ հրաշք, քան այն, որ Հիսուսի շնորհիվ այսօր մեզ է բացահայտված Աստծո էությունն ու բնավորությունը, և մենք Աստծուն կարող ենք Հայր կոչել:

Ավարտվում  է 2015 թվականը, եթե ամփոփեիք այն, ապա ինչպիսի՞ տարի էր այն Ձեզ համար:

Այս տարին լի էր ձեռքբերումներով: Այս տարի ես ամուսնացա, մեր խումբը հաղթեց աշխարհի մրցումների ժամանակ: Իհարկե, պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ դժվար տարի էր, քանի որ այդ ամեն ձեռքբերման համար մեծ ճեղքումներ էին հարկավոր, բայց ես շնորհակալ եմ Աստծուն այս տարվա համար: Այն անցավ, և ես մեծ ակնկալիքներ ունեմ նաև 2016 թվականի համար, քանի որ, ինչպես Խոսքն է ասում՝ պետք է փառքից փառք գնանք:

12431423_923333241090894_1060082964_nԱմանորյա ի՞նչ բարեմաղթանք կցանկանաք հղել մեր ընթերցողներին:

Գալիք տարին սկսում ենք՝ Քրիստոսի Ծնունդը նշելով, և թող որ այդ հրաշքը ուղեկցի մեզ անդադար:

Սպասեք հրաշքների ու հավատացեք, որ ձեր աղոթքները լսվում են, մի ընկճվեք, թող սերը, ուրախությունն ու միաբանությունը միշտ ուղեկցեն և միաբանեն բոլորին:

Մենք նաև զրույց  ունեցանք «Life» պարային խմբի մի քանի անդամների հետ, ովքեր սիրով պատասխանեցին այն հարցերին, թե ինչ է պարն իրենց համար, և որն է Սուրբ Ծննդի խորհուրդը.

«Անկեղծ ասած՝ երբ պարում եմ, ես հանգստանում եմ, ամեն բան կարծես իր տեղն է ընկնում, միտքս է հանգստանում: Պարն ինձ համար արտահայտվելու միջոց է. եթե չեմ կարող խոսքով ասել ինչ-որ բան, ապա պարով հաստատ կարող եմ:

Ես պարը շատ եմ սիրում, այն ինձ համար Աստծուն ծառայելու ևս մեկ միջոց է: Վստահ կարող եմ ասել, որ երբեք չեմ թողնի պարը, կպարեմ, ինչքան ուժերս հերիքեն:

Իսկ ինչ վերաբերում է Սուրբ Ծնունդին, ապա այն ինձ համար սկզբի տոն է. ամեն բան մնաց անցյալում, ու նոր էջ է բացվել մեզ համար, որ կարողանանք ամեն բան սկզբից սկսել»:

Դանիել Հերքոյան

12434619_923319954425556_401460578_n«Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց պարի: Պարը կյանք է, ապրելաձև, զգացմունք, այն է, ինչ ես մտածում եմ, ինչ ապրում եմ:

Պարը խոսք է, որը արտահայտում է քո ներաշխարհը, պարողի շարժումները ներկայացնում են հենց այն, ինչ կա նրա ներսում:

Իսկ Սուրբ Ծնունդի կապակցությամբ կասեմ, որ այն ծնունդների ծնունդն է, իմ ամենասիրելի տոնն է: Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում հենց այս տոնին, քանի որ սա մի տոն է, երբ դու վերադառնում ես նրան, ինչից պետք է իրականում սկսվի քո կյանքը, այսինքն այն Ծնունդին, որից սկսվում է քո իրական հոգևոր կյանքը»:

Հասմիկ Յարդումյան

«Իմ կյանքում տեղի ունեցող իրավիճակները, էմոցիաները ես պարի միջոցով դարձնում եմ իմը: Պարն օգնում է, որ ես ինքս ինձ ճանաչեմ, ճանաչեմ ինձ շրջապատող մարդկանց: Պարի միջոցով ես շփվում եմ Աստծո հետ, արտահայտում եմ ինչպես իմ ուրախությունը, այնպես էլ տխրությունը: Պարը՝ աշխարհը, մարդկանց և Աստծուն ճանաչելու իմ մեթոդն է: Ինչպես երգիչներն իրենց երգերով, այդպես էլ պարողներն իրենց պարով խոսք են փոխանցում:

Կար ժամանակ, երբ Սուրբ Ծնունդն ինձ համար պարզապես մի տոն էր, որի ժամանակ ես պետք է ստանայի ու տայի նվերներ: Բայց, Փառք Աստծուն, ապաշխարելուց հետո այդ տոնի իրական խորհուրդը բացվեց ինձ համար:

Իրականում, եթե չլիներ Սուրբ Ծնունդը, չէր լինի մեզնից ոչ ոք: Այս տոնն ինձ համար կյանքի խորհուրդն ունի: Սուրբ Ծնունդն ինձ համար սպասումների ընթացք է: Քրիստոսի Ծնունդն արդեն ինքնին հրաշք էր: Սա մի հնարավորություն է, երբ ես՝ ինքս, հենց այնպիսին, ինչպիսին կամ, կարող եմ դառնալ նվեր՝ ինքս ինձ Աստծուն նվիրելով: Սա ևաև ինձ համար միաբանության, ներման ու մեծ սպասումների տոն է»:

Մարինա Մարյանյան

Զրուցեց Անի Էլոյանը

12435759_923317164425835_1193326874_n 12404256_923319971092221_161660744_n 12404314_923317181092500_1538212485_n