Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ Ամանորին. պատասխանում են երեխաները
«Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ Ամանորին». հենց այս հարցի պատասխանը պարզելու համար որոշեցինք դուրս գալ ամանօրյա Երևանի փողոցներ ու հարցում անցկացնել երեխաների շրջանում: Որոշ երեխաներ, իհարկե, մեզ զարմացրեցին իրենց պատասխանով՝ ասելով, թե չգիտեն՝ ինչպիսի նվեր են ցանկանում: Այնուամենայնիվ, հարցումը հետաքրքիր ստացվեց, քանզի երեխաներն իրենց անկեղծությամբ մեզ տարան իրենց մաքուր ու երազներով լի աշխարհ:
Եվ այսպես, ահա նրանց պատասխանները «Ինչ նվեր կցանկանաս ստանալ Նոր Տարուն» հարցին.
«Ես ցանկանում եմ մանկական Աստվածաշունչ ստանալ, քանի որ այնտեղ ամեն պատմության հետ գեղեցիկ նկարներ կան» (Անի, 4 տ.):
«Ես ցանկանում եմ ոսկե մեդալ ստանալ Հիսուսից, իմ ընկերը մի մրցույթի էր մասնակցել ու ստացել էր: Հայրիկս ասաց, որ ես էլ շատ պարապեմ, կստանամ, բայց ուզում եմ հիմա ստանամ, իսկ հետո անպայման կպարապեմ» (Արայիկ, 7տ.):
«Հեծանիվ, շունիկ, արջուկ» (Ինեսա, 3տ.):
Մեզ զարմացրեց նաև որոշ երեխաների հասուն մտածելակերպը: Նրանք ոչ թե նյութական նվերներ էին ուզում, այլ, օրինակ՝ «Երկար կյանք» (Մովսես, 5տ.), «Առողջություն» (Նարեկ, 5տ.), «Խաղաղություն» (Նարե, 6տ.):
Եվ այսպես շարունակ:
Մենք նաև հարցրեցինք, թե հիմնականում ինչի՞ համար են երեխաները սիրում Նոր տարին: Այսպիսի պատասխաններ ստացանք.
«Ես սիրում եմ, քանի որ նվերներ եմ ստանում, օրինակ, դասամատյան, որ դպրոց-դպրոց խաղամ» (Անի, 6տ.):
«Այս օրերին մի տեսակ ուրախություն կա, նվերներ, նաև սիրում եմ, որ մեզ հյուր են գալիս» (Մարգարիտա, 8տ.):
Իհարկե, առաջին հայացքից, սրանք լիովին անիմաստ հարցեր ու պատասխաններ են թվում, բայց այս երեխաները մեր սերունդն են, մեր ապագան, և նրանց ցանկություններն այսօր կարևոր պետք է լինեն մեզ համար: Երեխաների ցանկությունների մեջ են թաքնված նրանց արդեն ձևավորման ընթացքի մեջ գտնվող գաղափարներն ու աշխարհայացքը:
Թող այս Սուրբ Ծնունդին ու Նոր տարուն մեր երեխաները շրջապատված լինեն սիրով, անհոգ ուրախությամբ ու ջերմությամբ: Եվ թող ուրախությունը լցնի յուրաքանչյուրիդ տունը, ու Քրիստոսի հետ միասին մտնենք Նոր Տարվա մեջ:
Պատրաստեց Սուսաննա Օհանյանը