Ինչպե՞ս են նշում Սուրբ Ծնունդը և Նոր Տարին Հունաստանում

ԱյվազԱյս օրերին ողջ աշխարհը տոնում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Եվ այդ յուրաքանչյուր ազգ անում է յուրովի: 

Այս մասին CrossNews.am-ը զրուցեց Աթենքում լույս տեսնող «Հայաստան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դավիթ Այվազյանի հետ:

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ողջ կաթոլիկ աշխարհը և ուղղափառների մի մասը նշում են Սուրբ Ծնունդը: Հունաստանը (և բնականաբար հույն ժողովուրդը), լինելով ուղղափառ աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկը, Սուրբ Ծնունդը նշում է այս ժամանակահատվածում:

Հունաստանում Նոր Տարին կամ ինչպես հույներն են ասում «Պրոտոխրոնի»-ան նշում են դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 14-ը. առավել ընդգծված պատրաստվում են  Սուրբ Ծնունդին,  քան Նոր Տարուն:

Մինչև Նոր Տարվա գալուստը եկեղեցիներում անպայման հնչեցվում են փողեր, որոնք ավետում են Քրիստոսի Ծնունդը:

Դեկտեմբերի 25-ին հույները գնում են եկեղեցի՝ Քրիստոսի Ծննդյան օրվան նվիրված ծիսակատարությանը մասնակցելու, որից հետո յուրաքանչյուր ընտանիքում սկսվում է տոնական մեծ խնջույք: Հույների  համար Նոր Տարին ընտանեկան տոն է, և յուրաքանչյուր ընտանիք պարտադիր  պետք է հավաքվի իր ցեղի «մեծի» մոտ:2

Տոնական սեղանին պարտադիր դրվում է փախլավա, թթուների տեսականի: Պարտադիր է նաև տոնական «Վասիլոպիտա» կամ «Պիտա» գաթան: Սուրբ Ծնունդի գիշերը թխվում է խաչաձև թխվածք, և յուրքանչյուր ընտանիք այն կախում է իր բնակարանում:

Օրվա տոնական ուտեստը համարվում է «տոլման», որը խորհրդանշում է Քրիստոսի բարուրը:

Դեկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ի գիշերը, հույն երեխաները, Սուրբ Ծնունդի տոնին նվիրված Կալանդա կոչվող երգեր երգելով, շրջում են տնետուն և տանտերերից քաղցրաբլիթներ, թխվածք հավաքում՝ որպես նվեր:

Ամանորին հույների տանը պարտադիր կարելի է գտնել զարդարված տոնածառ:

Ամանորյա միջոցառումներն ամենուր ուղեկցվում են «դոփ-դոփուն» կոչվող պարով:

Հունաստանում հունվարի 1-ը կարևոր ամսաթիվ է: Բացի Նոր Տարվա առաջին օրը լինելուց, այն նաև Սուրբ Վասիլիի կամ ինչպես հույներն են ասում «Ագիոս Վասիլիսի» օրն է: Այս Սուրբը հայտնի է որպես բարերար. նա նաև Նոր Տարվա գիշերը «այցելում է» փոքրիկ հույներին և թողնում նվերներ նրանց կոշիկների մեջ:

Ձմեռ Պապի հունական անվանումը «Պապուս» կամ հենց «Ագիոս Վասիլիս» է:

3Իսկ ի՞նչ կասեք տեղի հայ համայնքի մասին:

Հունահայ  համայնքի մարդիկ, ովքեր  տասնամյակներ շարունակ բնակություն են հաստատել Հունաստանում և համարվում են բնիկ հունահայեր, Սուրբ Ծնունդը նշում են հույների պես:

Բայց վերջին 15-20 տարիների ընթացքում արտագաղթած հայերը  փորձում են պահել և կիրառել Հայաստանի ավանդույթները: Եվ գիտե՞ք` վերջիններս  հիմնականում Նոր Տարին են նշում և ոչ այնքան կարևորություն տալիս Սուրբ Ծնունդին:

Նշեմ նաև, որ դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 6-ը գրեթե բոլոր Հայկական միություններում և ակումբներում տոնական միջոցառումներ են տեղի ունենում:

Հետաքրքիրն այն է, որ հունահայերը  երկու անգամ են շնորհավորում Նոր Տարին` նախ  Հայաստանի  ժամով, հետո՝ Հունաստանի:

Պատրաստեց Եվա Աբազյան