«Կյանքի պատուհան»

«Սիրտս ճմլվում է, բայց պետք է անեմ սա: Խնդրում եմ, նրա համար հոգատար ծնողներ գտե՛ք». այս խոսքերը գրված են մի թղթի վրա և պատկանում են մի կնոջ, ով օրեր առաջ իր նորածին փոքրիկին թողել է Լեհաստանում գործող կրակովյան «Կյանքի պատուհան»-ում: Նմանօրինակ դեպքեր են գրանցվել նաև  Սիլեզիայում (3 ամսական աղջնակ) և Ժեշովում (ընդամենը մի քանի օրական մեկ այլ փոքրիկ): Բարեբախտաբար, նրանցից բոլորը եղել են առողջ և խնամված:

«Կյանքի պատուհան»-ը կամ «Բեյբի բոքս»-ը հատուկ սարքավորված պատուհան է՝ փողոցի կողմից, որ տանում է դեպի մանկատուն կամ նման այլ ապաստարան: Այն կարող է լինել ինչպես բժշկական որևէ հաստատություն, այնպես էլ քույրական մենաստան. այս մասին տեղեկացնում է Deon.pl-ն:

Այդ պատուհանի ներսում երեխայի համար նախատեսված օրորոց է: Փողոցի կողմից այն բացելուն պես ընդամենը վայրկյանների ընթացքում պատուհանն ավտոմատ կերպով փակվում է և ներսի կողմից միանում է ազդանշանային համակարգը:

«Կյանքի պատուհան»-ի նպատակը մանուկների կյանքի պահպանումն է: Այն անձնավորությունն, ով թողնում է երեխային, անհայտ է մնում, նրա դեմ որևէ քրեական գործ չի հարուցվում (եթե, իհարկե, երեխան վնասվածքներ չունի):

Լեհաստանում առաջին «Կյանքի պատուհան»-ը բացվել է 6 տարի առաջ: Այն հիմնականում նախատեսված էր այն մայրերի համար, ովքեր հայտնվել էին ֆինանսական ծայրահեղ վիճակում, ինչպես նաև միայնակ և մայր դառնալուն հոգեպես անպատրաստ կանանց համար, ովքեր, բարեբախտաբար, որոշել են չդիմել հղիության արհեստական ընդհատման: Երեխային օրորոցից դուրս բերելուն պես կերակրում են և համապատասխան բժշկական հետազոտություն անցկացնում: Այնուհետ հավաքվում են որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ մինչ այդ մայրերը հնարավորություն ունեն վերադարձնելու իրենց փոքրիկներին՝ գենետիկական փորձաքննություն անցնելուց հետո:

Ըստ Католик.Ru-ի՝ ներկայումս «Caritas» բարեգործական կազմակերպության շրջանակներում Լեհաստանում գործում է նման մոտ 49 կենտրոն, ուր հնարավոր է եղել փրկել թվով 41 նորածնի կյանք:

Հավելենք միայն, որ «Կյանքի պատուհաններ» գործում են Եվրոպայի մի շարք երկրներում, Հնդկաստանում, Պակիստանում, Հարավային Աֆրիկայում և Ֆիլիպիններում: